Վերջերս կամքիս լարումով դիտեցի Չինգիզ Այթմատովի վեպի հիման վրա նկարահանված «Մանկուրտ» ֆիլմը: Հոգեմաշ ապրումներ ունեցա, բայց նայեցի մինչև վերջ:
ՈՒժեղ, ընտանիքին ու հայրենիքին նվիրված երիտասարդի գլխին թշնամին նոր մորթված ուղտի կաշի է փաթաթում: Արևի տակ կաշին կծկվում է, սեղմում տղամարդու գլուխը, և ծարավից, սովից, կտտանքներից տանջահար երբեմնի հզոր մարդը կորցնում է հիշողությունը, դառնում տիրոջ ստրուկը, կատարում նրա նվաստացնող ցանկությունները և վերջում անտարբեր գնդակահարում դեպի իրեն վազող մորը:
Նա չէր հիշում՝ ով է եղել, որն է իր հայրենիքը, իր ծագումը, արժեքները, մորը…
Ոչինչ չէր հիշում:
Ճանաչում էր միայն տիրոջը, որը հաց էր նետում նրան, ինչպես շանը, վազեցնում էր ու ծաղրում:
Մանկուրտի մասին ես վաղուց գիտեի, բայց այս անգամ ինչ-որ սև մտքեր կուտակվեցին, ու որոշեցի գրել մտահոգություններիս մասին:
Արդյո՞ք այդ ուղտի կաշին չեն փորձում փաթաթել մեր գլխին: Ի՞նչ է կատարվում այսօր:
Թշնամու ցանկությա՞մբ, թե՞ իշխանությունների միամտությամբ փորձում են մեր հիշողությունից ջնջել հայի պատմական հայրենիքը, մեր գոյատևման խարիսխները՝ Սասունում ծնունդ առած դյուցազներգություն, Վանի Նարեկավանքում աղոթող ու համաշխարհային գլուխգործոց ստեղծած մտքի տիտան Նարեկացի,միջնադարյան ծաղկողներ, ճարտարապետներ, պատմիչներ, գուսաններ, ի վերջո՝ Մաշտոց ու Արարատ լեռ:
Պատմական հայրենիքը միայն սահմանից այն կողմ գոյություն ունեցած հողը չէ. դա դարերով կերտված, մշակված արժեքային համակարգ է, հայ ժողովրդի սրտի աորտան, առանց որի հայը հաշմանդամ է, կիսատ, գենետիկ խարխլված կոդով մի գոյացություն, որին ոչնչացնելն ավելի դյուրին է դառնում:
Ո՞վ ենք մենք առանց պատմական Հայաստանի: Չգիտես որտեղից եկած, մի պուճուր հողակտորի վրա ծվարած խառնամբո՞խ, որին ինչ-որ երբեմնի ոչխարապահ թաթար հավակնում է կամք թելադրել:
Անգամ մեր ցավն է ծնվել մեր պատմական հողում: Դժվար է կրել ցեղասպանվածի մղկտացնող խարանը, բայց եթե մոռանում ես ու չես աղաղակում, ըմբոստանում, նշանակում է մատաղացու գառ ես, չէ, նուրբ ասացի, հիշողությունից զուրկ ոչխար, որին, երբ ուզեն,կարող են մորթել:
Ինչու՞ են բուհերը արտաքսում մայրաքաղաքից: Չէ՞ որ երևանյան բուհերը սոսկ շենքեր չեն.դրանք սերունդների հավաքական հիշողություններն են: Այդ բուհերի աստիճաններով բարձրացել ու իջել են նշանավոր գիտնականներ, այդ բուհերում կերտվել են մեր երազանքները: Ամեն սյուն, լսարան, բակի ցայտաղբյուր ու ծառ հիշողություն է: Եթե իրագործվի այդ չար նախագիծը, մենք, ի դեմս ԵՊՀ-ի և այլ բուհերի, կունենանք ևս մի Էրգիր, իսկ Երևանը կդառնա աուլ:
Ամեն մի նոր որոշում կարծես ուղտի կաշվի պես ձգվում է գլխիդ:
Քաղաքի կենտրոնում ապրող միայնակ թոշակառու՞ ես, բնակվարձդ չե՞ս կարող տալ: Գնա մի գյուղում էժան տուն վարձիր, մի հարուստ օտարերկրացու վարձով տուր բնակարանդ: Հոգ չէ, որ կկարոտես տանդ, հարազատ իրերիդ, հոգ չէ, թե որքան անփույթ կվարվի օտարը արած-դրածիդ հանդեպ: Մոռացիր, քարացիր և լցրու պետության բյուջեն:
Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք մեր թանկ հիշողությունների մթագնմանը միտված այս դանդաղ ներգործության թույնը:
Շագրենի կաշվի պես փոքրանում է հայրենիքը, ուղտի կաշին անում է մանկուրտացման իր չար գործը:
Եթե չսթափվենք, չհիշենք, թե ով ենք մենք, գոյաբանական ինչպիսի վայրուվերումների միջով ենք անցել, բայց պահպանել ենք ազգային դիմագիծը, տոկացել ենք, չենք տարրալուծվել, պահպանել ենք մեր հանճարեղ այբուբենը, աստվածային լեզուն, հավատը, մի օր մենք էլ անտարբերությամբ կսպանենք մեր մորը և կցատկենք տիրոջ մոտ՝ մի պատառ հաց մուրալու:
Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից